ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ. Chapter 28

1 Երբ արդէն փրկուած էինք, այն ժամանակ իմացանք, թէ այն կղզու անունը Մելիտինէ էր։ Եւ բարբարոս բնակիչները մեր հանդէպ չափից աւելի մարդասիրութիւն ցոյց տուին.
2 խարոյկ վառեցին եւ մեզ բոլորիս ընդունեցին՝ տեղացող անձրեւի եւ ցրտի պատճառով։
3 Եւ երբ Պօղոսը բաւականին շատ չոր ճիւղեր հաւաքեց եւ խարոյկի վրայ դրեց, մի իժ կրակի տաքութեան պատճառով դուրս գալով՝ կախուեց նրա ձեռքից։
4 Եւ երբ բարբարոսները գազանին նրա ձեռքից կախուած տեսան, միմեանց ասացին. Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թէպէտ ծովից փրկուեց, բայց Արդարութիւնը նրան թոյլ չտուեց, որ ապրի։
5 Ապա Պօղոսը գազանին կրակի մէջ թափ տուեց, եւ իրեն ոչ մի վատ բան չպատահեց.
6 իսկ նրանք սպասում էին, որ նա կ՚ուռչի կամ կ՚ընկնի ու յանկարծակի կը մեռնի։ Շատ սպասելուց յետոյ, երբ տեսան, որ նրան որեւէ վնաս չհասաւ, նորից խօսքը դարձրին եւ ասում էին. Սա մի աստուած է։
7 Այդ տեղի շրջակայքում գտնւում էին ագարակները Պոպլիոս անունով մի մարդու, որ կղզու գլխաւորն էր. սա երեք օրով մեզ իր մօտ ընդունեց եւ սիրով հիւրընկալեց։
8 Եւ պատահեց, որ Պոպլիոսի հայրը, ջերմով եւ փորլուծութեամբ հիւանդացած, անկողին ընկնի։ Պօղոսը նրա մօտ մտաւ եւ աղօթելով ձեռքը նրա վրայ դրեց ու նրան բժշկեց։
9 Եւ երբ այս պատահեց, ուրիշ հիւանդներ էլ, որ կղզում կային, գալիս էին ու բժշկւում։
10 Սրանք մեծ պատիւներով պատուեցին մեզ, եւ երբ գնում էինք, ինչ որ պէտք էր, տուեցին։
11 Եւ երեք ամիս յետոյ բարձրացանք դիոսկուրեանների նշանը կրող ալեքսանդրեան մի նաւ, որը ձմեռել էր կղզում։
12 Եւ Սիրակուսա իջնելով՝ երեք օր մնացինք։
13 Այնտեղից գնալով՝ հասանք Ռեգիոն. եւ երբ մի օր յետոյ հարաւի քամին փչեց, երկու օրում եկանք Պատիողոս,
14 ուր եւ գտանք եղբայրների, որոնք աղաչեցին, որ եօթը օր մնանք իրենց մօտ։ Եւ ապա ելանք Հռոմ։
15 Եւ այնտեղից, մեր մասին լսած լինելով, եղբայրները մեզ ընդառաջ եկան մինչեւ Ապփիոսի հրապարակը եւ Երեք կրպակները։ Պօղոսը նրանց տեսնելով՝ գոհութիւն տուեց Աստծուն ու քաջալերուեց։
16 Եւ երբ Հռոմ մտանք, հրաման տրուեց Պօղոսին, որ առանձին բնակուի իր պահապան զինուորի հետ միասին։
17 Եւ երեք օր յետոյ նա հրաւիրեց հրեաների գլխաւորներին. եւ երբ սրանք եկան, նրանց ասաց. Եղբայրնե՛ր, ես ժողովրդին կամ հայրենի սովորութեանը հակառակ ոչինչ գործած չլինելով հանդերձ՝ որպէս Երուսաղէմից մի կալանաւոր, մատնուեցի հռոմէացիների ձեռքը,
18 որոնք, երբ ինձ դատեցին, ուզեցին ազատ արձակել, որովհետեւ իմ մէջ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտան։
19 Բայց երբ հրեաները հակառակ խօսեցին, հարկ եղաւ կայսրին բողոքել. բայց ոչ նրա համար, որ իմ ազգի դէմ չարախօսելու բան ունէի։
20 Այս պատճառով է, որ խնդրեցի ձեզ՝ տեսնելու եւ խօսելու համար, քանի որ Իսրայէլի յոյսի համար է, որ այս շղթաների մէջ եմ գտնւում։
21 Եւ նրանք ասացին նրան. Մենք քո մասին Հրէաստանից ոչ մի նամակ չենք ստացել. մեր եղբայրներից էլ ոչ ոք չի եկել ու վատ բան չի պատմել կամ խօսել քո մասին։
22 Բայց խնդրում ենք քեզնից լսել, թէ ի՛նչ ես խորհում, քանի որ այդ հերձուածի մասին մեզ արդէն յայտնի է, որ ամենուրեք նրա դէմ հակառակութիւն կայ։Որոշակի օրուայ համար Պօղոսի հետ ժամադրուելուց յետոյ, նրա մօտ՝ նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց նա առաւօտից մինչեւ երեկոյ բացատրում էր Աստծու արքայութիւնը եւ նրանց համոզում էր Յիսուսի մասին՝ վկայութիւն բերելով Մովսէսի օրէնքից եւ մարգարէներից։
23 Ոմանք համոզւում էին նրա խօսքերին. ուրիշներ էլ չէին հաւատում։
24 Եւ իրար մէջ անհամաձայն լինելով՝ թողնում գնում էին, երբ Պօղոսն ասաց այս մի խօսքն էլ. Սուրբ Հոգին Եսայի մարգարէի բերանով լաւ խօսեց մեր հայրերին՝
25 ասելով. Գնա՛ ժողովրդի մօտ ու ասա՛՝լսելով պիտի լսէք ու չպիտի իմանաք, եւ տեսնելով պիտի տեսնէք ու չպիտի տեսնէք.
26 որովհետեւ այդ ժողովրդի սիրտը կարծրացել է,եւ իրենց ականջներով ծանր են լսումու իրենց աչքերը փակել են,որպէսզի երբեք աչքերով չտեսնենու ականջներով չլսենեւ հոգով չիմանան եւ դարձի չգան,ու ես էլ դրանց չբժշկեմ։
27 Եւ արդ, թող ձեզ յայտնի լինի, որ Աստծու այս փրկութիւնը ուղարկուեց հեթանոսներին, եւ նրանք կը լսեն։
28 Եւ երբ այս ասաց, նրա մօտից դուրս գնացին հրեաները, որոնք իրենք իրենց մէջ էլ շատ վէճեր ունէին։
29 Եւ ամբողջ երկու տարի Պօղոսն ապրեց իր ծախսով։
30 Եւ ընդունում էր բոլոր նրանց, որ գալիս էին իր մօտ։
31 Քարոզում էր Աստծու արքայութիւնը եւ ամենայն համարձակութեամբ անարգել ուսուցանում էր Տէր Յիսուս Քրիստոսի մասին։