ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ. Chapter 10

1 Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարիւրապետ Իտալական կոչուող գնդից.
2 նա իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ եւ աստուածավախ լինելով՝ շատ ողորմութիւններ էր անում ժողովրդի մէջ եւ միշտ Աստծուն աղօթում էր։
3 Կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ տեսիլքի մէջ նա յայտնապէս տեսաւ Աստծու հրեշտակին, որ մտաւ իր մօտ ու իրեն ասաց՝ Կոռնելիո՛ս։
4 Եւ նա, երբ նրան նայեց, զարհուրեց ու ասաց՝ ի՞նչ է, Տէ՛ր։ Եւ հրեշտակը նրան ասաց. Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները, յիշատակուելով, Աստծու առաջ ելան։
5 Եւ արդ, մարդիկ ուղարկի՛ր Յոպպէ եւ կանչի՛ր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչւում.
6 նա մնում է կաշեգործ Սիմոնի մօտ, որի տունը ծովին մօտ է։
7 Երբ իր հետ խօսող հրեշտակը գնաց, կանչեց ծառաներից երկուսին եւ իր սպասաւորներից բարեպաշտ մի զինուորի
8 ու նրանց ամէն բան պատմելով՝ Յոպպէ ուղարկեց։
9 Յաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին եւ մօտեցել էին քաղաքին, Պետրոսը կէսօրին տանիք բարձրացաւ աղօթելու։
10 Նա քաղց զգաց եւ ուտել էր ուզում։ Եւ մինչ ճաշ էին պատրաստում, յափշտակութեան մէջ ընկաւ.
11 եւ տեսնում էր երկինքը բացուած եւ չորս ծայրերից կախուած մի ինչ-որ անօթ, ինչպէս մի մեծ սփռոց, որ իջաւ նստեց երկրի վրայ։
12 Նրա մէջ կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները։
13 Եւ նրան հասաւ մի ձայն. Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր եւ կե՛ր։
14 Եւ Պետրոսն ասաց. Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետեւ երբեք պիղծ եւ անմաքուր բան չեմ կերել։
15 Ձայնը նրան կրկին անգամ հասաւ. Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր։
16 Այս պատահեց երեք անգամ, եւ սփռոցը երկինք վերացաւ։
17 Եւ մինչ Պետրոսը մտքում զարմացած էր, թէ տեսած տեսիլքն ի՛նչ է, ահա Կոռնելիոսի կողմից ուղարկուած մարդիկ հարցրին Սիմոնի տան մասին, կանգնեցին դռանը,
18 ձայն տուեցին ու հարցրին. Սիմոնը, որ Պետրոս է կոչւում, այստե՞ղ է օթեւանել։
19 Եւ մինչ Պետրոսը դեռ մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. Ահաւասիկ ինչ-որ մարդիկ քեզ փնտռում են.
20 ուստի դու վե՛ր կաց, իջի՛ր եւ առանց երկմտելու գնա՛ նրանց հետ, որովհետեւ նրանց ես եմ ուղարկել։
21 Եւ երբ Պետրոսը նրանց մօտ իջաւ, ասաց. Ում փնտռում էք, ահա ես եմ. ի՞նչ բանի համար էք եկել։
22 Եւ նրանք ասացին. Կոռնելիոս հարիւրապետը՝ մի արդար եւ աստուածավախ մարդ, որ ամբողջ հրեայ ազգի կողմից վկայուած է, սուրբ հրեշտակից հրաման ստացաւ քեզ կանչելու իր տունը եւ քեզնից լսելու, ինչ որ ասելու ես։
23 Նա ներս կանչեց նրանց եւ իր մօտ օթեւան տուեց։ Յաջորդ օրը Պետրոսը վեր կացաւ գնաց նրանց հետ. Յոպպէում գտնուող եղբայրներից ոմանք եւս նրա հետ գնացին։
24 Հետեւեալ օրը մտան Կեսարիա։ Եւ Կոռնելիոսը նրանց սպասում էր՝ կանչած լինելով իր ազգականներին եւ մտերիմ բարեկամներին։
25 Եւ երբ Պետրոսը ներս մտաւ, Կոռնելիոսը նրան ընդառաջ ելաւ ու նրա ոտքերն ընկնելով երկրպագում էր։
26 Պետրոսը կանգնեցրեց նրան ու ասաց. Ոտքի՛ ելիր, ես ինքս էլ մարդ եմ։
27 Եւ նրա հետ խօսելով՝ ներս մտաւ ու այնտեղ շատերին հաւաքուած գտաւ։
28 Նրանց ասաց. Դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս կարելի չէ հրեայ մարդու համար օտարազգու հետ շփուել կամ նրան մօտենալ. բայց Աստուած ինձ ցոյց տուեց, որ մարդկանցից ոչ մէկին չպէտք է պիղծ կամ անմաքուր համարեմ.
29 դրա համար էլ առանց առարկութեան եկայ, երբ կանչուեցի։ Բայց այժմ հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ բանի համար ինձ կանչեցիք։
30 Եւ Կոռնելիոսն ասաց. Սրանից չորս օր առաջ, այս ժամին, մինչ ժամը երեքի աղօթքն էի անում իմ տանը, ահա սպիտակ զգեստներով մի մարդ եկաւ կանգնեց իմ առաջ ու ասաց.
31 Կոռնելիո՛ս, քո աղօթքները լսելի եղան, եւ քո ողորմութիւնները յիշուեցին Աստծու առաջ։
32 Արդ, մարդ ուղարկի՛ր Յոպպէ եւ կանչի՛ր Սիմոնին, որ Պետրոս է կոչւում. նա օթեւանել է կաշեգործ ոմն Սիմոնի տանը, ծովի մօտ։ Նա կը գայ եւ կը խօսի քեզ հետ։
33 Եւ ես իսկոյն մարդ ուղարկեցի քեզ մօտ. դու լաւ արեցիր, որ եկար։ Այժմ մենք բոլորս կանգնած ենք Աստծու առաջ՝ լսելու այն ամէնը, ինչ քեզ հրամայուած է Տիրոջից։
34 Պետրոսը բերանը բացեց եւ ասաց. Ճշմարտութեամբ վերահասու եմ եղել, թէ Աստծու կողմից աչառութիւն չկայ,
35 այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան։
36 Այս խօսքը նա ուղարկեց իսրայէլացիներին՝ աւետելով խաղաղութիւն Յիսուս Քրիստոսի միջոցով. սա է բոլորի Տէրը։
37 Դուք ինքներդ գիտէք այդ խօսքը, որը տարածուեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրէաստանում այն մկրտութիւնից յետոյ, որը քարոզեց Յովհաննէսը.
38 գիտէք Յիսուսին, որ Նազարէթից էր, որին Աստուած օծեց Սուրբ Հոգով եւ զօրութեամբ, եւ որը շրջեց բարիք անելով եւ սատանայից բոլոր բռնուածներին բժշկելով, որովհետեւ Աստուած նրա հետ էր։
39 Եւ մենք վկայում ենք այն բոլորը, որ Հրէաստանում եւ Երուսաղէմում արեց նա, եւ որին սպանեցին՝ խաչափայտից կախելով։
40 Երրորդ օրը Աստուած նրան յարութիւն տուեց եւ թոյլ տուեց, որ նա երեւայ՝
41 ոչ թէ ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ առաջուց Աստծուց ընտրուած էինք եւ որ կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա յարութիւն առնելուց յետոյ։
42 Եւ նա պատուիրեց մեզ քարոզել ժողովրդին եւ վկայութիւն տալ, թէ ի՛նքն է Աստծուց սահմանուած դատաւորը, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին։
43 Բոլոր մարգարէները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հաւատացողները նրա անունով մեղքերի թողութիւն կը ստանան։
44 Եւ մինչ Պետրոսը դեռ այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջաւ բոլոր նրանց վրայ, ովքեր այս խօսքը լսում էին։
45 Ծագումով հրեայ հաւատացեալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրայ եւս Սուրբ Հոգու շնորհները հոսում են.
46 որովհետեւ լսում էին, որ նրանք լեզուներ էին խօսում եւ փառաբանում Աստծուն։
47 Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտուեն սրանք, որոնք եւս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպէս եւ մենք։
48 Եւ հրամայեց նրանց մկրտուել յանուն Յիսուս Քրիստոսի։ Այն ժամանակ նրան աղաչեցին, որ մի քանի օր այնտեղ մնայ։