ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ. Chapter 6

1 Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, յունախօս հրեաները տրտնջացին եբրայախօս հրեաների դէմ, որովհետեւ իրենց այրիները ամենօրեայ նպաստի բաշխման ժամանակ անտեսւում էին։
2 Տասներկուսը կանչեցին աշակերտների բազմութիւնն ու ասացին. Մեզ հաճելի չէ թողնել Աստծու խօսքի քարոզութիւնը եւ սեղաններ սպասարկել։
3 Եղբայրնե՛ր, ընտրեցէ՛ք ձեր միջից բարի համբաւ ունեցող եօթը մարդու, որոնց կը նշանակենք այդ ծառայութիւնների համար.
4 իսկ մենք աղօթքի եւ խօսքի քարոզութեանը նուիրուենք։
5 Այս խօսքը հաճելի թուաց բոլոր հաւատացեալներին. եւ ընտրեցին Ստեփանոսին, որ հաւատով եւ Սուրբ Հոգով լցուած մի մարդ էր, եւ Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորային, Տիմոնային, Պարմենային, Նիկողայոսին, որ անտիոքցի մի նորադարձ էր.
6 նրանց կանգնեցրին առաքեալների առաջ եւ, աղօթք անելով, նրանց վրայ ձեռք դրեցին։
7 Եւ Աստծու խօսքը աճում էր, ու աշակերտների թիւը Երուսաղէմում մեծապէս շատանում էր։ Եւ քահանաներից շատեր հնազանդւում էին հաւատին։
8 Ստեփանոսը, շնորհներով եւ զօրութեամբ լցուած մի մարդ, ժողովրդի մէջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում։
9 Ոմանք այն ժողովարանից, որ կոչւում էր լիբիացիների, կիւրենացիների եւ ալեքսանդրիացիների ժողովարան, եւ ոմանք, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։
10 Բայց նրանք չէին կարողանում դէմ կանգնել այն իմաստութեանը եւ Հոգուն, որով խօսում էր նա։
11 Այն ժամանակ հրապուրեցին մի քանի մարդկանց, որ ասեն. Լսեցինք դրա հայհոյական խօսքեր ասելը Մովսէսի եւ Աստծու դէմ։
12 Եւ գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու օրէնսգէտներին. եւ յարձակուելով Ստեփանոսի վրայ՝ յափշտակեցին նրան ու տարան ատեան։
13 Եւ բերեցին կանգնեցրին սուտ վկաներ, որոնք ասում էին. Այս մարդը չի դադարում հայհոյական խօսքեր ասել այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ.
14 լսեցինք դրա բերանից, որ ասում էր, թէ՝ Յիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի այս տաճարը եւ փոխի այն օրէնքը, որ Մովսէսը մեզ տուեց։
15 Եւ բոլոր նրանք, որ նստած էին ատեանում, նրան նայելով՝ տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր։