ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ. Chapter 9

1 Սօղոսը դեռ Տիրոջ աշակերտներին սպառնալու եւ նրանց սպանելու կրքով լցուած՝ քահանայապետի մօտ եկաւ
2 եւ նրանից նամակներ խնդրեց, Դամասկոսում ժողովարաններին ուղղուած, որպէսզի, եթէ գտնի այդ ճանապարհին հետեւող որեւէ մէկին, տղամարդ թէ կին, կապուած Երուսաղէմ բերի։
3 Եւ նա գնալիս, երբ մօտեցաւ Դամասկոսին, յանկարծակի նրա շուրջը երկնքից մի լոյս փայլատակեց։
4 Եւ երբ գետին ընկաւ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. Սաւո՜ւղ, Սաւո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ։
5 Եւ նա ասաց. Ո՞վ ես դու, Տէ՛ր։ Եւ ձայնն ասաց. Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես։
6 Ոտքի՛ կանգնիր եւ այդ քաղաքը մտի՛ր, ու քեզ կ՚ասուի, թէ դու ի՛նչ պէտք է անես։ Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունջ կանգնած էին. միայն նրա ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում։
7 Սօղոսը գետնից վեր կացաւ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում։ Նրա ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։
8 Եւ երեք օր այնտեղ էր, բայց չէր տեսնում. ո՛չ կերաւ, ո՛չ էլ խմեց։
9 Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար. նրան տեսիլքի մէջ Տէրն ասաց՝ Անանիա՛։ Սա ասաց՝ այստեղ եմ, Տէ՛ր։
10 Եւ Տէրը նրան ասաց. Ոտքի՛ կանգնիր ու գնա՛ այն փողոցով, որ Ուղիղ է կոչւում, եւ Յուդայի տանը կը փնտռես Սօղոս անունով Տարսոնացուն, որ դեռ աղօթքի մէջ է։
11 Եւ նա տեսիլքի մէջ տեսաւ Անանիա անունով մի մարդու, որ մտաւ եւ ձեռքը դրեց իր վրայ, որպէսզի տեսնի։
12 Անանիան պատասխանեց. Տէ՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թէ որքան չարիքներ է արել Երուսաղէմում քո սրբերին.
13 եւ այստեղ էլ քահանայապետներից իշխանութիւն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կանչում։
14 Տէրը նրան ասաց. Գնա՛ դու, որովհետեւ նա ինձ համար ընտրեալ անօթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագաւորների եւ իսրայէլացիների առաջ.
15 քանի որ ես ինքս եմ նրան ցոյց տալու, թէ նա ինչքան պէտք է չարչարուի իմ անուան համար։
16 Անանիան գնաց եւ մտաւ այն տունը. ու ձեռքը դնելով նրա վրայ՝ ասաց. Սաւո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. Տէ՛րն ինձ ուղարկեց՝ Յիսուսը, որը քեզ երեւաց այն ճանապարհի վրայ, որով գալիս էիր, որպէսզի տեսնես ու լցուես Սուրբ Հոգով։
17 Եւ իսկոյն նրա աչքերից թեփերի պէս բաներ ցած ընկան. ապա տեսաւ, ոտքի ելաւ ու մկրտուեց։
18 Եւ սնունդ ընդունելով՝ զօրացաւ ու Դամասկոսում մի քանի օր աշակերտների հետ էր։
19 Եւ անմիջապէս ժողովարաններում Յիսուսի՛ն քարոզեց՝ ասելով, թէ նա՛ է Աստծու Որդին։
20 Բոլոր նրանք, որ լսում էին, զարմանում էին ու ասում. Սա չէ՞ր, որ Երուսաղէմում հալածում էր նրանց, ովքեր կանչում էին Քրիստոսի անունը, եւ այստեղ էլ նոյն բանի համար էր եկել, որպէսզի նրանց կապանքի տակ պահած տանի քահանայապետներին։
21 Բայց Սօղոսը առաւել եւս էր զօրանում եւ նեղն էր դնում այն հրեաներին, որոնք Դամասկոսում էին բնակւում, եւ ապացուցում էր, թէ սա՛ է Քրիստոսը։
22 Բազում օրեր անցնելուց յետոյ հրեաները խորհուրդ արեցին նրան սպանելու։
23 Նրանց նենգութիւնը Սօղոսին յայտնի դարձաւ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռները պահում էին, որպէսզի նրան սպանեն։
24 Իսկ աշակերտները գիշերով վերցրին նրան եւ, պարսպից ցած կախելով, վանդակի մէջ դրած իջեցրին։
25 Երբ Սօղոսը Երուսաղէմ եկաւ, փորձում էր աշակերտներին յարել, բայց ամէնքը վախենում էին նրանից. չէին հաւատում, թէ իսկապէս աշակերտ էր դարձել։
26 Բայց Բառնաբասը նրան վերցրեց եւ բերեց առաքեալների մօտ ու նրանց պատմեց, թէ ինչպէս ճանապարհին նա տեսել էր Տիրոջը, խօսել էր նրա հետ եւ թէ Դամասկոսում էլ Յիսուսի անունով համարձակ քարոզել։
27 Եւ Սօղոսը աշակերտների հետ էր եւ Երուսաղէմում շրջում էր նրանց հետ ու համարձակ քարոզում Տիրոջ անունով։
28 Խօսում ու վիճում էր յունախօս հրեաների հետ, որոնք հետամտում էին նրան սպանել։
29 Եղբայրները, այս բանն իմանալով, նրան Կեսարիա իջեցրին եւ ուղարկեցին Տարսոն։
30 Սակայն եկեղեցին ամբողջ Հրէաստանում, Սամարիայում ու Գալիլիայում խաղաղութեան մէջ էր եւ, ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկիւղով, Սուրբ Հոգու մխիթարութեամբ աճում էր։
31 Եւ պատահեց, որ Պետրոսը, բոլորի մէջ շրջելիս, իջաւ նաեւ այն սրբերի մօտ, որոնք բնակւում էին Լիւդդայում։
32 Եւ այնտեղ գտաւ մի մարդու, որի անունը Ենեա էր, եւ որը ութ տարուց ի վեր անդամալոյծ լինելով՝ մահճի մէջ պառկած էր։
33 Պետրոսը նրան ասաց. Ենեա՛, Տէր Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց եւ յարդարի՛ր քո անկողինը։ Եւ նա իսկոյն վեր կացաւ։
34 Եւ բոլոր նրանք, որ Լիւդդայում եւ Սարոնայում էին ապրում, տեսան նրան եւ իրենք էլ դէպի Տէրը դարձան։
35 Եւ Յոպպէում աշակերտ եղած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանաբար կոչւում է Այծեմնիկ. սրա կեանքը լի էր բարի գործերով եւ ողորմութիւններով, որ նա կատարում էր։
36 Պատահեց, որ այն օրերին նա հիւանդացաւ ու մեռաւ. նրան լողացրին եւ դրեցին վերնատունը։
37 Եւ Լիւդդան Յոպպէին մօտիկ էր. երբ աշակերտները լսեցին, թէ Պետրոսը այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մօտ՝ աղաչելու, որ անյապաղ իրենց մօտ գայ։
38 Եւ Պետրոսը վեր կացաւ ու եկաւ նրանց հետ։ Երբ հասաւ, նրան վերնատուն բարձրացրին։ Ու բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին եւ ցոյց տալիս, թէ որքան հագուստներ եւ զգեստներ էր կարել տուել Այծեմնիկը իրենց համար։
39 Պետրոսը բոլորին դուրս հանելով՝ ծնրադրեց, աղօթք արեց եւ, դառնալով մարմնին, ասաց. Տաբիթա՛, յանուն Տէր Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց կանգնիր։ Եւ նա բացեց իր աչքերը ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։
40 Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց։ Կանչեց սրբերին ու այրիներին. եւ նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։
41 Եւ ամբողջ Յոպպէում այս յայտնի դարձաւ, եւ շատերը հաւատացին Տիրոջը։
42 Պետրոսը շատ օրեր մնաց Յոպպէում՝ կաշեգործ ոմն Սիմոնի մօտ։