ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ. Chapter 18

1 Սրանից յետոյ Պօղոսը Աթէնքից մեկնելով՝ եկաւ Կորնթոս.
2 եւ այնտեղ գտաւ Ակիւղաս անունով մի հրեայի, ծագումով պոնտացի, որը իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից, համաձայն Կղօդէոս կայսեր հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պէտք է հեռանային։ Եւ գնաց միացաւ նրանց։
3 Եւ որովհետեւ արհեստակից էր, նրանց մօտ մնաց եւ աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին։
4 Նա ամէն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում եւ համոզում հրեաներին ու հեթանոսներին։
5 Երբ Շիղան եւ Տիմոթէոսը Մակեդոնիայից իջան եկան, Պօղոսը Հոգու կողմից մղւում էր վկայութեամբ փաստելու հրեաներին, թէ Յիսուսն է Քրիստոսը։
6 Եւ երբ նրանք ընդդիմացան եւ հայհոյեցին, զգեստները թափ տուեց ու ասաց. Ձեր արիւնը ձեր գլուխը. ես անպարտ եմ. սրանից յետոյ հեթանոսներին եմ գնում։
7 Եւ այնտեղից գնալով՝ մտաւ մէկի տունը, որի անունը Տիտոս Յուստոս էր, մի աստուածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։
8 Կրիսպոս ժողովրդապետը հաւատաց Տիրոջը իր ամբողջ տնով։ Նաեւ կորնթացիներից շատերը նրան լսելով՝ հաւատացին եւ մկրտուեցին։
9 Եւ Տէրը գիշերը մի տեսիլքի մէջ Պօղոսին ասաց. Մի՛ վախեցիր, այլ խօսի՛ր եւ մի՛ լռիր,
10 քանի որ ես քեզ հետ եմ. եւ ոչ մէկը քո դէմ չպիտի ելնի քեզ չարչարելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ։
11 Եւ նա այնտեղ մնաց մէկ տարի եւ վեց ամիս՝ ուսուցանելով նրանց Աստծու խօսքը։
12 Աքայեցիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի ժամանակ հրեաները, միաբանուելով, Պօղոսի դէմ ելան եւ նրան ատեան բերեցին։
13 Նրանք ասում էին. Սա տարհամոզում է մարդկանց, որ օրէնքին հակառակ եղանակով Աստծուն պաշտեն։
14 Եւ երբ Պօղոսը պատրաստւում էր բանալու իր բերանը, Գաղիոնը հրեաներին ասաց. Ո՛վ հրեաներ, եթէ որեւէ անիրաւութիւն կամ մի չարանենգ խարդախութիւն եղած լինէր, պատեհ էր, որ ես ձեզ անսայի.
15 բայց եթէ խնդիրներ կան խօսքի կամ անունների եւ կամ ձեր օրէնքների մասին, դուք ինքնե՛րդ քննեցէք, քանի որ այդպիսի բաների դատաւոր լինել չեմ ուզում։
16 Եւ նրանց ատեանից դուրս արեց։
17 Եւ բոլոր յոյները ժողովրդապետ Սոսթենէսին բռնելով՝ ատեանի առաջ ծեծում էին, եւ Գաղիոնը այդ մասին բնաւ հոգ չէր անում։
18 Իսկ Պօղոսը դեռ շատ օրեր մնալով՝ եղբայրներից հրաժեշտ առաւ եւ նաւարկեց դէպի Ասորիք։ Նրա հետ էին նաեւ Պրիսկիղան եւ Ակիւղասը։ Նա Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտ էր արել։
19 Եւ Եփեսոս հասնելով՝ նրանց այնտեղ թողեց եւ ինքը ժողովարան մտնելով՝ խօսքն ուղղեց հրեաներին։
20 Եւ նրան աղաչեցին, որ երկար ժամանակ այնտեղ մնայ. բայց նա յանձն չառաւ,
21 այլ հրաժեշտ տուեց նրանց ու ասաց. Աստծու կամքով նորից կը գամ ձեզ մօտ։
22 Եւ Եփեսոսից մեկնեց ու իջաւ Կեսարիա. դրանից յետոյ ելաւ վեր, Երուսաղէմ եւ ողջոյն տուեց եկեղեցուն. ապա իջաւ Անտիոք։
23 Միառժամանակ այնտեղ մնալուց յետոյ ելաւ հերթով շրջելու գաղատացիների երկիրը եւ Փռիւգիան՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին։
24 Ապողոս անունով մի հրեայ, ծագումով ալեքսանդրիացի, եկաւ հասաւ Եփեսոս. սա մի ճարտարախօս մարդ էր եւ հմուտ՝ Գրքերին։
25 Տեղեակ էր նա Տիրոջ ճանապարհին եւ հոգով եռում էր. խօսում եւ ճշմարտութեամբ ուսուցանում էր Յիսուսի մասին։ Գիտէր միայն Յովհաննէսի մկրտութիւնը։
26 Սա սկսեց ժողովարանում համարձակօրէն խօսել։ Նրան լսելով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան նրան իրենց մօտ առան եւ ճշմարտագոյնս բացատրեցին նրան Աստծու ճանապարհը։
27 Երբ նա կամեցաւ Աքայիա գնալ, եղբայրները քաջալերեցին նրան եւ գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն։ Երբ նա այնտեղ հասաւ, Աստծու շնորհիւ շատ օգտակար եղաւ հաւատացեալներին,
28 քանի որ հրեաներին բուռն կերպով յանդիմանում էր՝ Գրքերի միջոցով հրապարակաւ ապացուցելով, թէ Յիսո՛ւսն է Քրիստոսը։